«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը

Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը
20.05.2013 | 12:12

Արցախյան գոյամարտի տարիներին երբ տղամարդիկ հեռանում, փախչում էին վտանգված հայրենիքից, ես նրանց չէի կարողանում ներել։ Անգամ երբ իմ ծանոթներից կամ ընկերներից էին։ Հանրապետական թերթում հրապարակել էի այն գրող-մտավորականների ցուցակը, ովքեր այդ տարիներին լքել էին Հայրենիքը։
Շուրջ 20 տարի է անցել։ Պատերազմի տարիներին Արցախից հեռացած շատերն այսօր ռուսաստաններում և այլուր երիցս լավ են ապրում, առնվազն 100 անգամ ավելի լավ քան ես՝ իմ ընտանիքով։ Սակայն այսօր ևս ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը։ Իմ կյանքն աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում չեմ պատկերացնում...
Բայց այսօր ես չեմ կարողանում մեղադրել պատերազմի դաժան բովով անցած այն մարդկանց, այն տղաներին, ովքեր հեռանում են Հայրենիքից։ Բացարձակապես չեմ կարողանում մեղադրել, հիմք ու պատճառներ չեմ գտնում, և դա է ամենասարսափելին...

Հ.Գ. - Սովորաբար ես ձգտում եմ կարճ գրել։ ՖԲ-ի իմ էջում՝ առավել ևս։ Սա ծավալուն հոդվածի նյութ է։ Այն, ինչ գրել եմ, այդ մասին շարունակ մտածել եմ։ Շուրջ 10-15 տարի: Ընդհանրապես, իմ այս գրառումը մորթապաշտներին, վախկոտներին չի վերաբերում։ Հիմնականում իմ աչքի առաջ այն տղաներն են, ովքեր արյուն են թափել մեր հողի համար։ Նրանցից շատերը բազմանդամ ընտանիք ունեն, երեխաներ ունեն։ Ոմանք սարսափելի պայմաններում են ապրում, ոմանք, դրան գումարած, ոչ մի կերպ չեն կարողանում աշխատանք գտնել։ Շատերը տասնյակ, անգամ հարյուրավոր անգամ ճակատները պատին խփելուց հետո կոտրվում են, հերթական անգամ հիասթափված տուն վերադառնալով ու փոքրիկների անմեղ ու սպասողական աչքերին նայելով, անզորությունից քիչ է մնում լան։ Եվ, ուրիշ ոչ մի ելք չտեսնելով, ցավով կապում են ճամպրուկներն ու հեռանում իրենց արյան, առողջության գնով ազատագրված և մերսեդեսներով, դղյակներով հեղեղված հայրենի երկրից: Իմ աչքի առաջ այս մարդիկ են:

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ